ԱՄՆ-ում համավարակի շրջանի խոշորագույն խարդախության կազմակերպիչը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման

Էյմի Բոկը, որը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ Մինեսոտա նահանգում 250 միլիոն դոլար արժողությամբ «Feeding Our Future» խոշորագույն խարդախության սխեմայի կազմակերպման մեջ, հինգշաբթի դատապարտվել է ավելի քան 40 տարվա ազատազրկման, հաղորդում է CBS News-ը: Դատավորը Բոկի նկատմամբ պատիժ է սահմանել 500 ամիս ժամկետով ազատազրկումը և նրան պարտավորեցրել դաշնային կառավարությանը վճարել գրեթե 243 միլիոն դոլար՝ որպես վնասի փոխհատուցում: Անցյալ տարի երդվյալ ատենակալները նրան մեղավոր էին ճանաչել մի քանի քրեական հոդվածներով, որոնց թվում՝ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ խարդախության իրականացման դավադրության և դաշնային ծրագրերով կաշառք տալու դավադրության մեջ: Ըստ դատախազների՝ հենց Բոկն է կազմակերպել ԱՄՆ-ում համավարակի շրջանի խոշորագույն խարդախությունը, որի հետևանքով հափշտակվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք նախատեսված էին սոված երեխաների սննդի համար: Դատախազությունը դատարանին խնդրել էր նրան դատապարտել 50 տարվա ազատազրկման՝ հայտարարելով, որ այս սկանդալը «ահռելի վնաս է հասցրել նահանգին»: Բացի Բոկի մեջ պատասխանատվության և զղջման ենթադրյալ բացակայությունից, դատախազները մատնանշել են նաև այն մեղադրանքները, որ նա կալանքի տակ եղած ժամանակ գաղտնի փաստաթղթեր է արտահոսեցրել։ Ըստ գործի նյութերի՝ Բոկը բանտից ձայնագրված հեռախոսազրույցներն օգտագործել է որդուն հրահանգելու համար, որպեսզի վերջինս գործին առնչվող փաստաթղթերն ուղարկի քաղաքական գործիչներին և զանգվածային լրատվամիջոցներին: Դատախազները պնդում են, որ արտահոսած նյութերի մի մասը պարունակել է վկաների մասին պաշտպանված տեղեկություններ և այլ գաղտնի տվյալներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով