Պուտինը և Սի Ծինփինը Թեհրանին «մղել են փակուղի»

> —> Reters-ը հայտնել է, որ մայիսի 21-ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին արգելել է երկրի տարածքից ուրանի հարստացված պաշարների դուրսբերումը։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունները «կարող են մտնել փակուղի»։ Պակիստանյան կողմը նախօրեին «տեղեկատվական արտահոսք է թույլ տվել», որ «քննարկվում է «փոքր գործարք» համաձայնեցնելու տարբերակը», որի առանցքային կետերից մեկը, ենթադրաբար, վերաբերում է Իրանի «միջուկային ծրագրի սառեցմանը»։ Իրանի հոգեւոր առաջնորդի կոշտ որոշումը կայացվել է Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների բանակցություններից մեկ օր անց։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պեկինում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը «շատ կարևոր համաձայնության են եկել»։ Ըստ երեւույթին, խոսքը Իրանից հարստացված ուրանի պաշարները դուրս բերելու մասին է։ Մայիսի 15-ին ԱՄՆ նախագահը Չինաստան հայրենիք վերադարձի ճանապարհին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Պատասխանելով Իրանի հետ բանակցությունների մասին հարցին, նա ասել է, որ Սի Ծինփինի հետ եկել են համաձայնության, որ Իսլամական հանրապետությունը «երբեք չպետք է միջուկային զենք ունենա»։ Ինչ վերաբերում է ուրանի հարստացված պաշարներին, ապա Թրամփը հավաստիացրել է, որ դրանք դուրս բերելու տեխնոլոգիաներ «միայն Միացյալ Նահանգները ունի, գուցե՝ նաև Չինաստանը»։ Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինին հաջողվել է Սի Ծինփինին համոզել, որպեսզի մերժի իրանական հարստացված ուրանի պաշարները «դեպոզիտ ընդունելու» առաջարկությունը, իսկ ԱՄՆ-ը պնդել է, որ դրանք «չպետք է ի պահ տրվեն Ռուսաստանին», և Իրանի հոգեւոր առաջնորդը կայացրել է «բանակցությունները փակուղի տանող որոշում»։ Այս վարկածի օգտին է խոսում Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալիի «Կոմերսանտին» հարցազրույցը, որտեղ նա ԱՄՆ նախագահ Թրամփին քննադատել է «միակ խաղարար երեւալու» մտադրության համար։ «Ռուսաստանը հետեւողականորեն և մշտապես դրական դեր է խաղում, և մենք ողջունում ենք այս կամ այն հակասությունները հաղթահարելուն ուղղված նրա առաջարկութունները, բայց ԱՄՆ նախագահը ցանկանում է միակ հերոս լինել և չի ցանկանում, որ ուրիշին էլ խաղաղարարի դափնիներ բաժին ընկնեն»,- ասել է Ջալալին։ Հասկացվում է, որ ԱՄՆ նախագահը դեմ է Իրանի շուրջ կարգավորմանը Ռուսաստանի նախագահի գործուն ներգրավվածությանը։ Եվ եթե իրոք Պեկինում Սի-Պուտին «շատ կարեւոր համաձայնությունը» Իրանի միջուկային պաշարների մասին է, ապա փաստացի ստացվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները, ֆորմալ հանդիսանալով Իսլամական հանրապետության ռազմավարական դաշնակիցը, Թեհրանին մղել են փակուղի, որից դիվանագիտական ելիքի հավանականությունը չափազանց նվազ է։ —>

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6157

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով