Մոսկվայից Երևանի հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող քննադատական հայտարարություններին է միացել նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Վոլոդինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն օգտվում է Ռուսաստանի կողմից տրամադրված հնարավորություններից՝ միաժամանակ կայացնելով Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքական որոշումներ։ «Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ Փաշինյանը վարում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով մեր երկրի կողմից տրամադրված հնարավորությունները»,- ռուսական Max ալիքում գրել է Վոլոդինը՝ պնդելով, թե «սա անազնիվ է և, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, թե Մոսկվան պետք է որոշում կայացնի։ «Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»,- գրել է Վոլոդինը՝ վերստին հիշատակելով Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին անցած տարի Հայաստանի խորհրդարանում ընդունված օրենքն ու Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդում երկու օր առաջ Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում էր կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ էր հնչեցրել՝ Հայաստանի ղեկավարության քայլերը որակելով «անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», դրանց շարքում շեշտադրելով Հայաստանի եվրոպական ձգտումները: Սակայն ՀՀ իշխանությունները վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա, չունի նման գործիքակազմ, իսկ հայ-ռուսական համագործակցությունը փոխշահավետ է, այսինքն՝ բխում է նաև ՌԴ-ի շահերից: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց.



