Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ուրբաթ Իսրայելին կոչ են արել դադարեցնել իր բնակավայրերի ընդլայնումը Հորդանան գետի արևմտյան ափին՝ հայտարարելով, որ կառավարությունը «խարխլում է կայունությունը» և երկու պետությունների ստեղծման հեռանկարները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել բնակավայրերի և վարչական լիազորությունների ընդլայնումը, ապահովել պատասխանատվությունը վերաբնակիչների իրականացրած բռնությունների համար և հետաքննել Իսրայելի զինված ուժերի հասցեին հնչող մեղադրանքները»,- ասված է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ։ Նշելով, որ իրավիճակը Հորդանան գետի արևմտյան ափին վերջին մի քանի ամիսների ընթացքում «զգալիորեն վատթարացել է»՝ վերանշյալ երկրները հայտարարել են, որ պաղեստինցիների նկատմամբ վերաբնակիչների բռնությունները հասել են «աննախադեպ մակարդակի»։ «Իսրայելի կառավարության քաղաքականությունն ու գործելակերպը, ներառյալ՝ իսրայելական վերահսկողության հետագա ամրապնդումը, խարխլում են կայունությունը և երկու պետությունների համակեցության վրա հիմնված կարգավորման հեռանկարները»,- ասված է հայտարարության մեջ։



