Վաշինգտոնում հսկայական հաղթական կամար կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտումը մոտեցել է իրականացմանը. ԱՄՆ Գեղեցիկ արվեստների հանձնաժողովը (CFA) հավանություն է տվել հուշարձանի թարմացված նախագծին՝ չնայած հանրության, պատմաբանների և ճարտարապետների մասշտաբային քննադատությանը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ վերանայված նախագծի՝ բուն կամարի բարձրությունը կկազմի մոտ 76 մետր։ Ընդ որում, կառույցի ընդհանուր բարձրությունը նվազել է մոտավորապես 2,4 մետր բարձրությամբ հիմքից հրաժարվելուց հետո։ Եթե նախորդ տարբերակով նախագիծը նախատեսում էր ավելի քան 85 մետր բարձրություն, ապա այժմ այն կկազմի 82 մետրից փոքր-ինչ ավելի։ Նախագծից հանվել են նաև առյուծների չորս ոսկեզօծ քանդակները, որոնք ծրագրում էր տեղադրել կամարի հիմքի մոտ։ Հանձնաժողովում համարել են, որ առյուծները «Միացյալ Նահանգներին բնորոշ խորհրդանիշ չեն»։ Ճակատային մասի երեսպատման համար մարմարի փոխարեն որոշվել է օգտագործել գրանիտ՝ այդ քարի առավել մեծ ամրության և երկարակեցության շնորհիվ։ Միևնույն ժամանակ, կառուցվածքի խորությունն ավելացվել է, իսկ կամարը պսակող թևավոր Ազատության կենտրոնական արձանը Թրամփի վարչակազմը որոշել է պահպանել՝ չնայած հանձնաժողովի անդամների մի մասի առարկություններին։



