Հարավային Կալիֆոռնիայի մի քանի քաղաքներում ավելի քան 44 հազար մարդ է էվակուացվել այն բանից հետո, երբ Գարդեն Գրով քաղաքի «GKN Aerospace» տիեզերագնացության ձեռնարկությունում թունավոր քիմիկատի բաքի պայթյունի վտանգ է առաջացել։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Վնասված արդյունաբերական բաքում կա մոտ 7 հազար գալոն (շուրջ 26,5 հազար լիտր) մեթիլմետակրիլատ. սա ծայրաստիճան ցնդող, դյուրավառ և թունավոր նյութ է, որն օգտագործվում է պլաստմասսայի արտադրության մեջ։ Օրինջ շրջանի հրշեջ ծառայության պետ Քրեյգ Քովիի խոսքով՝ բաքի պայթյունն ու «փլուզումն անխուսափելի է», և դա զուտ ժամանակի հարց է։ Տարհանման գոտին տարածվել է օբյեկտի շուրջը՝ մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա։ Քովիի խոսքով՝ սա իր աշխատանքային կարիերայի 32-ամյա պատմության մեջ ամենավտանգավոր իրավիճակն է եղել։ Ներկայումս քննարկվում են երկու հիմնական սցենարներ՝ • բաքը կփլուզվի, և տարածք կթափվի 6-7 հազար գալոն թունավոր նյութ։ • տեղի կունենա «ջերմային փախուստ»՝ անվերահսկելի քիմիական ռեակցիա, որին կհաջորդի պայթյուն, որը կարող է ազդել վառելիքով և քիմիական նյութերով հարակից տարաների վրա։ Հրշեջները կարողացան կայունացնել բաքի ջերմաստիճանը մոտավորապես 16°C-ի վրա։ Ըստ իշխանությունների՝ ներկայումս ակտիվ թունավոր գազի արտահոսք չկա, և օդի որակը ներկայումս անմիջական սպառնալիք չի ներկայացնում իրենցի։ Այնուամենայնիվ, բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը։ Մեթիլ մետակրիլատը քիմիական նյութ է, որն ավելի ծանր է, քան օդը։ Դրա գոլորշիները նստում են գետնին և կարող են առաջացնել. • թոքերի գրգռվածություն, • մաշկի և աչքերի վնասվածք, • սրտխառնոց, • գլխապտույտ։ Քիմիկոսները զգուշացնում են, որ նյութն ունի ինքնատաքացման հատկություն։ Արտահոսքի դեպքում անգամ չնչին կայծը, բռնկումը կամ ջերմաստիճանի բարձրացումը կարող են պոլիմերացման շղթայական ռեակցիա առաջացնել, ինչը կհանգեցնի ջերմության արագ արտադրման և ճնշման կտրուկ մեծացման՝ ընդհուպ մինչև հրդեհ և պայթյուն։ Միջադեպը սկսվել է հինգշաբթի կեսօրին՝ «GKN Aerospace» ձեռնարկությունում վտանգավոր նյութերի առկայության մասին ահազանգից հետո։ Սկզբնական շրջանում բաքի ջերմաստիճանը կայուն է եղել, սակայն մի քանի ժամ անց այն սկսել է բարձրանալ, ինչից հետո գործի են անցել վթարային փականներն ու հովացման համակարգը։ Վթարի պատճառը դեռ պարզվում է։ Այս պահի դրությամբ տուժածներ չկան։



