Հանրապետության նախագահ և համատեղությամբ, կարծեք, իշխանական երգուպարի անսամբլի կատարող, դաշնակահար Վահագն Խաչատուրյանի աշխատանքն ու ջանքը, որը հասարակ մահկանացուներից շատերին գուցե տեսանելի չէ, պարզվում է` խիստ գնահատվում է։ Վերջինի մասին են վկայում պաշտոնյայի ներկայացրած տարբեր թվականների հայտարարագրերը, որտեղ արձանագրվում են հաշվետու տարվա եկամուտների աճերը։ Այսպես, ուրեմն, 2021 թվականի դեկտեմբերին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ հայտարարագրի համաձայն՝ Վահագն Խաչատուրյանի հաշվետու տարվա՝ 8,067,142 դրամ եկամուտը գոյացել էր ԵՊՀ-ից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից, Անտարեսից ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 2,666,642 դրամի չափով, ապա նաև՝ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից ստացած աշխատավարձի և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 5,400,500 դրամի չափով։ Արդեն որպես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Վահագն Խաչատուրյանն արդեն 2022 թվականին ներկայացրած հայտարարագրում 2021 թվականի՝ հաշվետու տարվա եկամուտ է նշում ԵՊՀ-ից, ՇՏՀ-ից, «Անտարես Հոլդինգ»-ից և այլ աղբյուրներից ստացած 3,576,071 դրամ աշխատավարձը և կամ դրան հավասարեցված վճարումները, ապա նաև՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից, ՀՀ ԲՏԱՆ-ից և այլ աղբյուրներից ստացած 15,982,860 դրամ աշխատավարձը և կամ՝ դրան հավասարեցված վճարումները․ ընդամենը՝ 19 միլիոն 558 հազար 931 դրամ։ Արդեն նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի՝ եկամտային պրոգրեսիան շարունակվում է․ այս տարի ներկայացրած հայտարագրից, օրինակ, տեղեկանում ենք, որ նախագահ Խաչատուրյանը 2025 թվականը փակել է 22,982,880 դրամ եկամուտով, որը գոյացել է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացած աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։



