Անձնական ու քաղաքական ամբիցիաների պատճառով Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում Հայաստանի ամբողջ տնտեսությունը։ Մի կողմից՝ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Հայաստանի տնտեսությանը սնուցող հիմնական ուղիներից մեկն է, մյուս կողմից՝ երկրի ներսում է հաշվեհարդար տեսնում քաղաքական ընդիմախոսների բիզնեսների նկատմամբ։ Այլևս պարզ է, որ Ռուսաստանը մտադիր չէ հանդուրժել այն երկակի քաղաքականությունը, որ Հայաստանի իշխանությունները վարում են այն տնտեսական միության նկատմամբ, որի կազմում ընդգրկված են։ Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը: Որոշ տեղեկություններով, պատրաստվում են գնալ ՀԱՊԿ-ի սցենարով։ Սակայն, եթե ՀԱՊԿ-ի պարագայում Հայաստանն է որոշել ինքնակամ սառեցնել իր անդամակցությունը, ապա այս պարագայում մյուսներն են պատրաստվում սառեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մինչև որ իշխանությունները վերջնական կորոշեն, թե ուր են գնում։ Ենթադրվում է, որ մինչ այդ Հայաստանը կզրկվի այն արտոնություններից, որոնցից օգտվում է ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում։



