Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար. համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում: Նշվում է, որ 170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռվեն ներդրողներին, կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները: Ըստ էության, այս վարկն էլ հերթական պարտքն է, որը նոր բեռ է դառնալու նաև քաղաքացիների համար՝ հատկապես վերջին տարիներին գրեթե 8 միլիարդով ավելացած պետական պարտքի համատեքստում։ 168 ․ am -ի հետ զրույցում պարտքային քաղաքականության մասին իր դիտարկումներում քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց․ «Մենք տեսնում ենք, որ օրվա իշխանությունը նախընտրական փուլում շատ մեծ խոստումներ է տալիս կամ ինչ֊-որ ծախսեր է կատարում, որոնք նույնիսկ բյուջեով նախատեսված չեն եղել․ քաղաքական նկատառումներից ելնելով՝ իշխանությունը ծախսում է այնպիսի ռեսուրսներ, որոնք հետագայում բերելու են ավելի մեծ պարտքերի: Իսկ թե ո՞վ է փակելու այս պարտքը․ Հայաստանի բյուջեն ու Հայաստանի ժողովուրդը, որի հաշվին բյուջեն գոյանում է»։



