Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մեսրոպ Մեսրոպյանը՝ վերջերս խոսելով հանրային ծառայությունների սակագների հնարավոր բարձրացման ու դրա հետևանքների մասին, հավաստիացնում էր, որ ՀԾԿՀ-ն թե՛ իր ղեկավարման, թե՛ իրեն նախորդած գործընկերների ղեկավարման տարիներին միշտ արել է հնարավորը, որ ժամանակից շուտ սակագների թանկացում տեղի չունենա, քանի որ սպառողի համար նույնիսկ կես դրամի փոփոխությունն արդեն իսկ ծանր է։ Իրականում սակագնի ցանկացած բարձրացում բեռ է սպառողների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ չափերի է հասնում Հայաստանում աղքատությունը։ Բայց ՀԾԿՀ նախագահը մոռանում է, որ իր ղեկավարած կառույցը միայն սակագները բարձրացնելու համար չէ։ Այն նաև սակագները նվազեցնելու պարտավորություն ունի։ Իսկ այդ առումով հանձնաժողովն, իր ղեկավարի հետ միասին, վերջին տարիներին բացառիկ անգործություն է դրսևորել, բարձր է պահել սակագները՝ նվազեցնելու փոխարեն։ Խոսքը մասնավորապես՝ գազի սակագների մասին է։ Վերջին անգամ գազի սակագները Հայաստանում վերանայվել են 2022թ.։ Սակայն դրանից հետո այս առումով շատ ջրեր են հոսել, որոնք պիտի հանգեցնեին գազի սակագների վերանայման։ Այնինչ՝ այդ ընթացքում հանձնաժողովը ոչ մի անգամ չի վերանայել ու նվազեցրել սակագները։ Դրանք շարունակել է բարձր պահել՝ դատարկելով սպառողների, մասնավորապես՝ քաղաքացիների գրպանները։ Անցած 4 տարիներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մնացել է անփոփոխ։ Այդ պայմաններում, սակայն ,կտրուկ նվազել է սպառողներին վաճառվող գազի սակագնի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն ունեցող առանցքային գործոններից մեկի՝ դոլարի փոխարժեքը։



