«Եթե ոչ լվացից (ը)զքեզ, ոչ ունիս ընդ Իս մաս» (Հովհ. 13:8) Հիսուսը զգալով, որ մոտեցել է Իր մահվան վայրկյանը, աշակերտներից երկուսին՝ Պետրոսին և Հովհաննեսին, հանձնարարեց, որպեսզի Երուսաղեմ գնան՝ զատկական ընթրիքը պատրաստելու և նրանց ասաց. «Գնացեք քաղաք և սափորն ուսին մի մարդու պիտի հանդիպեք, նրան ասացեք. «Վարդապետն ասում է ժամանակս մոտեցել է, քո տանը պիտի անեմ Զատիկը»»: Ինչ, որ Հիսուսը պատվիրեց՝ աշակերտները սիրով կատարեցին: Եվ երբ երեկո եղավ, արդեն բոլորը հավաքվել էին այն վերնատանը, որտեղ Քրիստոս ցանկացել էր ուտել զատկական ընթրիքը: Սրահը՝ մաքուր ու պարզ, կանոնավորված ու հարդարված, և սեղանը Զատկի առթիվ ուտելիքներով զարդարված էր: Հիսուս, մինչ աշակերտների հետ ճաշելու կնստեր, տեսավ, որ վիճաբանում են, թե ով պիտի նստի պատվավոր տեղը, կամ Երկնքի արքայությունում ով պիտի բազմի Քրիստոսի կողքին: Իսկ Հիսուսը նրանց հանդիմանելու և մյուս կողմից էլ ցույց տալու համար, որ իրենցից մեծը պետք է փոքրին ծառայի և անձը խոնարհեցնի, ծառայի նման մի կոնքի մեջ ջուր լցնելով և մի սրբիչ էլ կողքին կապած, սկսեց իր աշակերտների աղտոտ և փոշոտ ոտքերը լվալ: Ի՜նչ տարօրինակ իրողություն. աշակերտներն ապշած իրար երեսի էին նայում, քանի որ իրենց Տերն ու Աստված ամենաստորին ծառային հատուկ մի ծառայություն էր անում, և նրանցից մեկը, չկարողանալով զսպել վրդովմունքը, ասաց. «Իմ ոտքերը հավիտյան պիտի չլվաս»:



