Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 28-ին տեղի է ունենալու ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին, և ցուցադրվելու է միայն այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել 2022 թվականից հետո: «Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու: Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն՝ որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- ասել էր Փաշինյանը: Իսկ որպես ասվածի ապացույց՝ այսօր միջոցառման ժամանակ էլ թշնամի ու հակառակորդ բառերին փոխարինելու հասավ «պայմանական հակառակորդ» տերմինը։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն առհասարակ վերապահումներ ունի այս զորահանդեսի հարցում։



