«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդներն ուրբաթ օրը կքննարկեն միությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Վաղը տեղի կունենա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Կարծում եմ, որ այս հարցն այս կամ այն չափով կքննարկվի»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսը։ Մինչ Ռուսաստանից բազմամակարդակ քննադատություններ են հնչում գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության և, մասնավորապես, ԵՄ ինտեգրացիայի քաղաքական կուրսի և դրա ԵԱՏՄ անհամատեղելիության վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն իր տարբեր հայտարարություններում ընդգծում է, որ չի լքելու ԵԱՏՄ-ն, և դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։ «Դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Մեր պլանում ոչ մի բան չի փոխվել»,- ասել է Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ, այլև փորձում է իր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։



