Տարիներ շարունակ անտեսելով թոշակառուներին, ընտրություններից առաջ իշխանությունները 10 հազար դրամով բարձրացրեցին թոշակները։ 10 հազար դրամը, հատկապես գնաճի վերջին շրջանի կտրուկ ակտիվացման պայմաններում, իհարկե, մեծ բան չի փոխում թոշակառուի կյանքում, բայց դա չի խանգարում, որպեսզի թոշակների բարձրացումն իշխանությունները դրոշակ դարձրած թափահարեն ու նախընտրական այս շրջանում պարբերաբար հիշեցնեն, թե դրանով մեծ առաջընթաց են ապահովել թոշակառուների կյանքում, այլևս նրանք աղքատ չեն և կարող են թոշակով անգամ հանգստանալ լառնականերում։ Մի կողմ թողնենք զավեշտի հասնող այսպիսի հայտարարություններն և անդրադառնանք նրան, թե թոշակները տարիներ անց հազիվ 10 հազար դրամով բարձրացրած իշխանություններն այդ նույն ժամանակ ինչպես են փոխել իրենց կյանքը։ Այն դեպքում, երբ սովորական քաղաքացիները շատ հաճախ ստիպված են լինում յոլա գնալ մի քանի տասնյակ հազար դրամ թոշակով ու մի քանի տասնյակ հազար դրամ աշխատավարձով, իշխանական վերնախավն այդ նույն ժամանակ հասցրել է տասնյակ-միլիոնների եկամուտներ ստանալ պետական բյուջեի ու հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Մինչ կներկայացնենք իշխանական վերնախավի ստացած միլիոնները, նշենք, որ հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա մարտին պաշտոնապես Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 329 հազար դրամ, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարվա մարտին էր։ Նախորդ տարվա մարտին միջին աշխատավարձը 333 հազար դրամ էր։ Այս տարի 4 հազար դրամով պակաս է։ Եթե հանենք հարկերը՝ միջին աշխատավարձը մարտին կլինի 240 հազար դրամի կարգի։ Շատ չէ, բայց աշխատող քաղաքացիների մեծ մասը դրանից էլ ցածր աշխատավարձ է ստանում։ Աշխատողների գրեթե կեսի աշխատավարձը 200 հազար դրամի չի հասնում։ Խոսքը կեղտոտ աշխատավարձերի մասին է։ Մաքուրը անգամ 150 հազարից ցածր է։



