ԵԱՏՄ-ն զգուշացնում է Երևանին․ ի՞նչ կհետևի ԵԱՏՄ ղեկավարների հայտարարությանը

Այսօր Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ ԵԱՏՄ ղեկավարները նախ բանակցություններ վարեցին նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով ամփոփեցին աշխատանքներն իրենց ելույթներով, միմյանց շնորհավորելով միության 12-ամյակի կապակցությամբ։ Սակայն ԵԱՏՄ այս նիստի գլխավոր աշխարհաքաղաքական ինտրիգը Հայաստանի՝ միությանը հետագա անդամակցության և տնտեսական ապագայի հարցն էր։ Ակնհայտորեն, սա այս նիստի ամենալարված հարցերից էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով Երևանի վերջին շրջանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձերն ու մերձեցումը Բրյուսելի, Վաշինգտոնի հետ, մի քանի անգամ հորդորել է Հայաստանին վերջնականապես կողմնորոշվել և ընտրություն կատարել երկու տարբեր ինտեգրացիոն մոդելների միջև։ Մոսկվայի կողմից հստակ ազդակ է հնչել առ այն, որ եվրոպական ստանդարտների որդեգրումը վաղ թե ուշ կհանգեցնի ԵԱՏՄ կանոնակարգերի հետ իրավական հակասությունների, և Հայաստանը չի կարողանա իր եվրաինտեգրման գործընթացն առաջ տանել Եվրասիական միության տնտեսական ու ֆինանսական արտոնությունների հաշվին։ ՀՀ իշխանություններն, ի պատասխան Ռուսաստանից հնչող բազմամակարդակ քննադատությունների, հայտարարում են՝ կշարունակեն մնալ ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան այն չի հակասում ԵՄ ինտեգրացիայի գործընթացին։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ թույլ չի տա Լուկաշենկոյին ԵԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ, քանի որ ԵԱՏՄ-ում ունի բավարար լծակներ, ինչպես նաև էական ազդեցություն։ Այս նիստին ընդառաջ Ռուսաստանը տարբեր՝ ամենաբարձր մակարդակներով հայտարարեց, որ Հայաստանի հարցը քննարկվելու է այս նիստին։ Եվ չնայած նիստի հրապարակային հատվածում որևէ ղեկավար չանդրադարձավ Հայաստանին, նիստից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ԵԱՏՄ 4 ղեկավարները միացել են Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը և այն փոխանցել աշխատանքներին մասնակցող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Նա նաև հաղորդեց, որ հայտարարությունը հրապարակվելու է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում, այսինքն՝ հայտարարությունը եղել է ՌԴ նախագահի նախաձեռնությունը, որին միացել են ԵԱՏՄ մյուս ղեկավարները։ Ի դեպ, ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը տևել էր 2 ժամ, և, թերևս, հենց այս հատվածում էր ամենայն հավանականությամբ քննարկվել Հայաստանի հարցը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով