ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին նորմալ երևույթ չէ դիվանագիտական կյանքում, սակայն նման դեպքեր միշտ էլ եղել են։ ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ Վարդան Հակոբյանն այսպես գնահատեց Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երևանյան այցի, աշխարհաքաղաքական գործընթացների ու Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների թեմայի շուրջ։ Դիվանագետի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը հերթական վկայությունն է այն բանի, որ «Փաշինյանի գործերը լավ չեն այս ընտրություններում», և փորձում են նմանատիպ հայտարարություններով պահպանել նրա իշխանությունը Հայաստանում՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից։ Վարդան Հակոբյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական «մեծ խաղ» է գնում ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան-Իրան-Չինաստան տիրույթում, որը ներառում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ «Տեսեք՝ ինչ հետաքրքիր խաղ է գնում։ Թրամփի այս հայտարարությունը հաստատում է, որ այդ միջանցքը ռազմավարական, աշխարհաքաղաքական տեսանկյունով է իրեն հետաքրքրում՝ որպես զուտ ճանապարհ Միջին Ասիա հասնելու համար։ Այստեղ մրցակցությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև է, և ռուսներն իրենց հայտարարություններում շեշտում են, որ սա իրենց շահերի տարածքն է, Միացյալ Նահանգներն էլ հիմա հայտարարում է, որ վերջապես սա կդառնա իրենց շահերի տարածքը, որովհետև մարդիկ մեծ ծրագիր ունեն՝ հասնել Միջին Ասիա և «բռնել» Չինաստանի որոշ տեղերից, և այս առումով ոչ թե Հայաստանի հետ ինչ-որ տնտեսական հարցեր լուծելն է կամ «նորից Հայաստանը հզոր դարձնելը», այլ ասում է՝ դուք էս պետք է լինեք և էս դերը պետք է խաղաք »,- մեկնաբանեց Վարդան Հակոբյանը։



