Այս քարոզարշավի բառակազմի հիմնական պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է։ Նրա կողմից շատ հարցերում դրսևորվում է հարգանքի բացակայություն սեփական հանրության նկատմամբ։ Սա խոսում է իշխող ուժի մոտ քաղաքական մշակույթի իսպառ բացակայության մասին։ Այս ամենը սովորում է նաև դպրոցահասակ երիտասարդը, որն անգամ ընտրելու իրավունք չունի։ Հանրային գիտակցության մեջ այս հինգ տարում փոփոխություն կա, մարդիկ պիտի հասկանան, որ նորից նույն ջուրը մտնելը կամ նույն սխալն անելն արդեն ճակատագրական է լինելու։ 168TV -ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը: «Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հետպատերազմյան շոկը չհաղթահարվի։ Արդյոք նա պատահակա՞ն է նորից անցել հայտնի բառակազմերին՝ թալան, նախկիններ-ներկաներ, արցախցիներ-հայաստանցիներ։ Երբ նա վերադառնում է իր այս օրակարգերին, դա առավել քան ցույց է տալիս, որ ոչ մի ուրիշ բան հնարավոր չի եղել ստեղծել։ Փաշինյանի նյարդային վիճակը, հիստերիկ տարբեր դրսևորումներն ապացուցում են՝ նա զգացողություն ունի, որ հողը ոտքի տակից գնում է։ Բայց միջազգային որոշ դերակատարների կողմից էլ նա զգացողություն ունի, որ իրեն ամեն ինչ ներվելու է, ավելին՝ խրախուսվելու»,- ասաց վերլուծաբանը: «Մենք ականատես ենք լինում սեփական հանրության հոգեբանական ահաբեկչությանը։ Եթե չընտրվեմ՝ պատերազմ կլինի. սա ի՞նչ է։ Հանրային ահաբեկչության դրսևորումներ են առավոտից երեկո հնչող սպառնալիքներն ընդդիմադիր տարբեր գործիչների նկատմամբ։ Քաղաքական գործընթացում մարդուն վիրավորելը, ահաբեկելը, եթե անգամ նա կողմնակից չունի, խոսում է քաղաքական մշակույթի բացակայության մասին։ Մայիսի 28-ի շքերթն ինչի՞ համար էր։ Հայաստանում ռազմական շքերթները միշտ կապված են եղել մեր անկախության ազգային տոնի՝ սեպտեմբերի 21-ի հետ։ Պարզ է, չէ՞, որ նպատակն այլ է»,- նշեց Բեքարյանը:



