ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսը Ֆիլիպիններում փորձարկել է նոր մարտավարական համակարգեր, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը՝ առանց թանկարժեք հրթիռների կիրառման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։ Նրա տեղեկություններով՝ խոսքը MADIS (Marine Air Defense Integrated System) համալիրի մասին է, որը հիմնված է երկու JLTV զրահամեքենաների վրա։ Մեկ մեքենան հագեցած է ռադարով և հեռակառավարվող պայթուցիչներով 30 մմ-անոց թնդանոթով, իսկ երկրորդը՝ Stinger հրթիռներով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Ինչպես հիշեցնում է պարբերականը, հակառակորդի էժանագին դրոնները հաճախ ստիպված են լինում խոցել հրթիռներով, որոնց արժեքը կարող է հասնել մինչև 1 միլիոն դոլարի: Հեռակառավարվող պայթուցիչով 30 մմ-անոց արկը պայթում է թիրախի մոտ՝ չպահանջելով ուղիղ հարված։ Փորձագետների գնահատականներով՝ մեկ անօդաչու սարք ոչնչացնելու համար ծախսվում է մոտ հինգ այդպիսի արկ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 11 հազար դոլար, մինչդեռ մեկ Stinger հրթիռն արժե 430 հազար դոլար։



