«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՝ թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը, խոսեց Տիգրանաշենի ռազմավարական կարևորության մասին, որը , Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ հանձնելու է Ադրբեջանին: «Հունիսի 8-ի առավոտյան, եթե դե ֆակտո վարչախումբը վերընտրվեց, հնարավորինս շուտ պահանջ է դրվելու Ադրբեջանին նվիրել Տիգրանաշենը, որը թուրքերն անվանում են Քյարքի: Տիգրանաշենը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տարածքային ամբողջականության համար: Տիգրանաշենը գտնվում է Նախիջևանի և Վայոց ձորի ու Արարատի սահմանագծին: Եթե հանձնվում է Տիգրանաշենը, Հայաստանի տարածքի մեջ թուրքական սեպ է մխրճվում: Տիգրանաշենը նաև Կենտրոնական Հյուսիսային Հայաստանի ու Հարավային Հայաստանի եզրագծին է գտնվում: Եթե հանձնեն Տիգրանաշենը, այն գյուղ չի լինելու, այլ խոշոր ռազմական հենակետ: Մեր աշխարհագրությունը թույլ չի տալիս, որ մենք այդ հատվածը շրջանցող նորմալ ճանապարհ կառուցենք: Մասիսից Եղեգնաձոր, Երևանից Գորիս կամ Վանաձորից Կապան գնալու համար դու այս կամ այն կերպ առնչվելու ես ադրբեջանցիների հետ: Հայաստանի մի հատվածից մյուսը գնալու համար ադրբեջանական միջանցքով ենք անցնելու: Եթե իրենց ասած Քյարքին անկլավ է, ու Ադրբեջանն այդտեղ ուզում է ներկայություն ունենալ, չկա այլ ճանապարհ, քան դեպի այդ հողը միջանցք տալը:



