Արդարացնելու համար պետական միջոցների անխնա վատնումը՝ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում այն միտքը, թե պետական փողերն իշխանությունները ծախսում են նույն էֆեկտիվությամբ, ինչպես քաղաքացիներն են ծախսում իրենց ընտանեկան բյուջեները։ Նման համեմատություն անելն, իհարկե, տեղին չէ, որովհետև քաղաքացին իր սեփական փողն է ծախսում, իսկ իշխանությունը՝ քաղաքացու փողը, բայց եթե նույնիսկ այդպես է, ոչ մի քաղաքացի չի կարող իրեն թույլ տալ սեփական գրպանի փողերն այնպես վատնել, ինչպես վատնում են Երևանի քաղաքապետարանում։ Այս պարագայում խոսքը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ընկերության մասին է։ Այն դեպքում, երբ շուկայում դիզելային վառելիքի 1 լիտրի գինը՝ 510, առավելագույնը՝ 520 դրամ է, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այդ նույն դիզվառելիքը գնում է 545 դրամով։ Ընդ որում, «բիրիքով», որը սովորաբար անհամեմատ ավելի էժան է լինում, քան մանրածախ գինն է։ Գնում է այդ գնով, որովհետև այդ փողն իր փողը չէ, ու կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ։ Հետո էլ դժգոհում են, թե քաղաքացիներն ուղեվարձը չեն վճարում։



