Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը

Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք ներմուծել Ռուսաստան։ Այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած հայտարարության մեջ։ ««Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգել են ձկների վերամշակման ձեռնարկությունները Հայաստանում, ինչպես նաև այցելել են իշխան ձկան բուծման և պահման ֆերմաներ։ Ձեռնարկությունների 50% հրաժարվել է ստուգումներից»,-ասված է հայտարարության մեջ։ Տարածված հայտարարության համաձայն՝ ստուգման արդյունքների հիման վրա` 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում։ Բացառություն են կազմում հայկական երկու ընկերություններ, որոնք անցել են ստուգումը։ «Ռուսաստան թույլատրվելու է ներմուծել միայն երկու ընկերությունների ձկնամթերքը, որոնք անցել են ստուգումը»,-հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հավելելով, որ այդ ընկերությունների ձկնամթերքն էլ ենթակա է անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։ Բացի այդ, սահմանափակվել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով