Մոսկվայի հեռախոսային էթիկետը. ինչո՞ւ է Պուտինը զանգում Փաշինյանին ռուս պաշտոնական սպառնալիքների և տնտեսական սանկցիաների ֆոնին

Հայ-ռուսական հարաբերություններում ընթացող կտրուկ էսկալացիան և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների սուր հռետորաբանությունը վերջին օրերին ստացան արձանագրային նոր շրջադարձ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տոնի առթիվ, տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների աննախադեպ սառեցման և Մոսկվայի կողմից կիրառվող ուղղակի տնտեսական սանկցիաների ֆոնին։ Հեռախոսազանգը Փաշինյանի ծննդյան առիթով էր, հաղորդագրությունների համաձայն, ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ «ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում: Ուշագրավն այն է, որ հեռախոսազանգը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, բավականին տագնապային զարգացումների ֆոնին, երբ ՌԴ պաշտոնատար անձինք ՀՀ իշխանություններին զգուշացնում են ԵՄ-ի ինտեգրացիայի և ԵԱՏՄ անդամակցության անհամատեղելիության մասին: Դա անում են նաև բավականին կոշտ բառամթերքով՝ Նիկոլ Փաշինյանին անվանելով «սրիկա», ինչն օրերս արեց Դմիտրի Մեդվեդևը: Զուգահեռաբար ռուսական կողմը սանկցիաներ է կիրառում հայկական ապրանքների նկատմամբ, արգելելով որոշների մուտքը ռուսական շուկա, որոշ դեպքերում՝ հայտնաբերելով խնդիրներ արտադրանքում, և այլն: Օրերս էլ Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստի ավարտին հայտնի դարձավ, որ ԵԱՏՄ բոլոր ղեկավարները հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի եվրաինտեգրացիոն ձգտումները համարելով ռիսկային ԵԱՏՄ երկրների համար: Դրանում ասվում էր. «Հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու նախապատրաստման հետ կապված, որոշվել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Ղրղըզստանի նախագահները կարևորել են նաև հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու հարցը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5828

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով