Այս տարվա հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսի ժամանակ 168.am -ը հարց էր ուղղել՝ արդյոք մի օր հնարավոր կլինի՞ Սու-30ՍՄ-երը կիրառել իրենց ողջ հզորությամբ, ինչին ի պատասխան՝ նա նշել էր. «Սու-30ՍՄ-երի համար ունենք բավարար որոշակի սպառազինություն, բայց ակնկալվում են նաև համալրումներ: Սու-30ՍՄ-երը բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում դրանց դերը: Եվ ես կարծում եմ, որ մեծ դեր կարող են ունենալ և՛ մեր երկրի հակաօդային պաշտպանության, և՛ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»: Միաժամանակ Սուրեն Պապիկյանն առաջարկել էր զերծ մնալ տեղեկությունից՝ արդյո՞ք նշված կործանիչների թիվը կարող է ավելացվել, քանի որ ժամանակին պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ զինված ուժերը պետք է ունենա 8-12 միավոր Սու-30, բայց ձեռք բերվեց միայն 4-ը: Նշենք, որ Սու-30-ները ձեռք բերելու գաղափարը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանինն ու ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանինն է, որն ի սկզբանե չի ողջունել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իսկ 44-օրյայի ավարտից անմիջապես հետո էլ պատերազմին դրա կիրառության հետ կապված հարցեր էր առաջ քաշում, ինչի պատասխանները ստացավ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ, որ դրանք մարտական որոշակի խնդիր լուծել են:



