ԵՄ-ն փնտրում է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԵՄ-ի համերաշխությունը Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում։ Եվրոպացի հանձնակատարն այդ մասին գրել է սոցցանցի X հարթակում։ «Հայաստանը ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է ընտրելու երկրի ուղին։ Մենք փնտրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ։ Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքները՝ Հարավային Կովկասի հետ և դրա ներսում առևտրային ու էներգետիկ կապերը խթանելու ուղղությամբ՝ աջակցելով Հայաստանի տնտեսական կապերին իր անմիջական հարևանների հետ»,- գրել է Մարթա Կոսը։ Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև Հայաստանից մի շարք բանջարեղենային մշակաբույսերի ներմուծման նկատմամբ։ Ռուսաստանն արգելել է նաև հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով