Յանա Մանթաշևան գրում է. «Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այն թեզերին, թե իբր գործընթացները տեղի են ունենում «Հայաստանի շահերից ելնելով»՝ զուտ ներկայացնում եմ փաստերն ու կոնկրետ կետերը, թե որքանով է այս ամենը համապատասխանում ՀՀ պետական շահին, և ինչ է ստացել իրականում Հայաստանը։ Սյունիք, Սև լճի տարածք 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի ստորաբաժանումների ապօրինի առաջխաղացման հետևանքով օկուպացվել են Սև լճի շրջակայքի և հարակից լեռնաշղթայի մի շարք կարևոր հայկական բարձունքներ։ Սյունիք, Գորիս–Կապան–Շուռնուխ–Որոտան գիծ։ Գորիս–Կապան միջպետական նախկին մայրուղու 20–25 կմ հատվածը և դրա վրա գտնվող մի շարք հենակետային բարձունքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս կորուստը թույլ է տալիս Ադրբեջանին տեսանելիորեն վերահսկել Սյունիքի ներքին շարժը և Գորիս–Կապան–Մեղրի ուղղությամբ կապը։ Սյունիք, Ճակատեն–Շիկահող–Ագարակ ուղղություն։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի զինուժը դիրքավորվել է ՀՀ տարածքի մի շարք կարևոր բարձունքներում կամ անմիջապես սահմանագծին, ինչի հետևանքով ուղիղ նշանառության և վերահսկողության տակ են հայտնվել հայկական գյուղերն ու ներքին ճանապարհները (ինչը կիրառվում է որպես օպերատիվ ճնշման լծակ)։ Գեղարքունիք, սահմանամերձ լեռնաշղթաներ։ 2021–2023 թթ․ ընթացքում հակառակորդի ներխուժումների հետևանքով զբաղեցվել են Սոթքի և հարակից սահմանային գոտու մի շարք ռազմավարական բարձունքներ, որոնք գտնվում են ՀՀ ներսում։ Խոսքը մոտավորապես 20–30 քկմ հայկական տարածքի մասին է (բարձունքների և դիրքերի ցանց)։ Վայոց ձոր, Ջերմուկի ուղղություն։ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը զբաղեցրել է մի շարք կարևոր բարձրություններ Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ։ Սա նրանց հնարավորություն է տալիս վերևից ուղիղ դիտարկել քաղաքն ու մշտական հրետանային սպառնալիք ստեղծել։ Տավուշի սահմանագոտի, սահմանագծման ընթացքում 2024–2026 թթ. ընթացող սահմանագծման գործընթացով որոշ լեռնաշղթաներ և բարձունքներ, որոնք մինչ այդ գտնվում էին ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ և ապահովում էին մեր անվտանգությունը, հանձնվում են հակառակորդ կողմին՝ հիմք ընդունելով խորհրդային տարիների քարտեզները։ Խոսքը բարձունքների մասին է, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ճանապարհների, կամուրջների և սահմանամերձ գյուղերի անվտանգության դիտարկման համար։ Տավուշի ուղղությամբ զիջվող տարածքները։ Խորհրդային տարիների նախկին բնակատեղիներն ու հարակից հողերը, որոնք գտնվում են հայկական Բաղանիս, Ոսկեպար և հարևան գյուղերի անմիջական միջակայքում, բանակցությունների կամ սահմանագծման արդյունքում փոխանցվում են հակառակորդին։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ խորհրդային քարտեզներով Հայաստանի ներսում գտնվող «իրենց» նախկին տարածքների և դրանց հասնող միջանցքների ամբողջական ծավալը կազմում է մոտ 30–40 քկմ։ Այդ հողերի մի մասն արդեն ներառվել է Տավուշի ընթացիկ սահմանագծման փաթեթում, իսկ մնացած հատվածները թողնվել են հետագա փուլերին։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հակառակորդից որևէ նոր տարածք, բարձունք կամ ռազմավարական առավելություն չի ստացել։ Չպետք է մոռանալ նաև Ալեն Սիմոնյանի այն միտքը, թե «ադրբեջանցիները մեղք են, որ այսքան տարի զրկված են եղել Արցախից, այնտեղ ապրելուց»։ Եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ և նույն նախադասությունը պրոյեկտենք հայկական գյուղերի ու տարածքների վրա, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն պաշտոնյան երբևէ կասի, որ ազերները մեղք են, որոնք զրկվել են «իրենց» տներից, «հայրենի» հողից ու անվտանգությունից, և ոչինչ չպետք է խանգարի նրանց՝ թույլ տալու, որ գան ու վերաբնակվեն իրենց «պատմական» տարածքներում»։



