Մայիսի 30-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին «խորհրդակցությունների համար՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնաս են հասցնում ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը»: Նման քայլը կարևոր խորհրդանշական գործողություն է, որը վկայում է քաղաքական-դիվանագիտական լուրջ խնդիրների մասին, որոնք պահանջում են իրավիճակի հստակեցում, որը կարող է անորոշ ժամանակով ձգվել: Մեկ օր առաջ՝ մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական միության անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Ղազախստանի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին, որը նույնպես միավորման մաս է կազմում, որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցի շուրջ: Հայտնի է՝ առաջին անգամ համապատասխան նախաձեռնությամբ մայիսի 9-ին հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այն կրկնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի արդյունքներով «հայկական հարցի» վերաբերյալ իր ծավալուն ելույթում: Միանգամայն հակադիր երկու ինտեգրացիոն վեկտորների համատեղումն անհնար է, ուստի Բրյուսելի հետ Երևանի հետագա սեթևեթանքների դեպքում Եվրասիական միությունը ստիպված կլինի գործնականում դադարեցնել աշխատանքը Հայաստանի հետ՝ զրկելով նրան տնտեսական ինտեգրման բոլոր առավելություններից։ Ի թիվս այլ հարցերի, անցյալում կմնան ԵԱՏՄ մեծ ու պաշտպանված շուկա անմաքս մուտքի հնարավորությունը, պարզեցված լոգիստիկան, էներգակիրների ցածր գները, ինչպես նաև կվերանայվեն տեխնիկական և ֆիտոսանիտարական նորմերը։ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գնահատականների համաձայն՝ Հայաստանում կուտակված ներդրումները հասել են գրեթե 5 միլիարդ դոլարի, որոնց 86%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, ինչն ակնհայտորեն գերազանցում է եվրոպացիների կողմից խոստացված 2,5 միլիարդ եվրոն։



