Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։ Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․ ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները և գծանշումները, լուսացույցի և կարգավորողի ազդանշանները, հետիոտնի և ուղևորի վարքականոնները, ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, վարորդական գործնական հմտություններ և այլն։ Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։



