Երեկ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց փոխհատուցում տալ այն անձանց, ովքեր այս ընթացքում չեն կարողանում իրենց լոլիկը, պղպեղը և ելակն արտահանել Հայաստանից։ Որոշումը, սակայն, վերաբերում է առաջիկա մեկ ամսվան, թե ինչ կլինի գալիք ամիսներին՝ Կառավարությունը որևէ լուծում չառաջարկեց։ Այս ամենին զուգահեռ, երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ քննարկել են Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին: «Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ճնշում, և դա անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ»,– նշել է Լայենը։ Եվրահանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ փաթեթը ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով. «Որոշ հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի, առևտուրը մեղմելու միջոցառումների վերաբերյալ։ Եվ տուժած ոլորտների, ինչպիսիք են հայկական ծաղիկները, գործնական աջակցության վերաբերյալ»:



