«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ռուսաստանի հետ տնտեսական այս պատերազմն ավարտվելու է Հայաստանի լիակատար պարտությամբ, որովհետև մենք չունենք այն քաշն ու կշիռը, որ կարողանանք դիմակայել Ռուսաստանին: Ես, իհարկե, բոլոր տեսակի պատժամիջոցներին դեմ եմ, բայց Ռուսաստանը Փաշինյանին ասում է՝ ընկեր ջա՛ն, 35 անգամ Ռուսաստան ես եկել, քո երկուշաբթին սկսվում է Ամերիկայով, երեքշաբթին՝ Եվրոպայով… մինչև շաբաթ գալիս է Ռուսաստանի հերթը… Դու ո՞վ ես ընդհանրապես: Ռուսաստանն ասում է՝ դու ինձ գժի տե՞ղ ես դրել, Հայաստա՛ն… ես քեզ գազ եմ տալիս, ամեն խմ-ի համար էլ 400 դոլարի սուբսիդիա եմ տալիս: Դիմում եմ Ռուսաստանին՝ ձեզ վատություն անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե հայ ժողովուրդը… Հայ ժողովրդին ձեր դեմ մի՛ տրամադրեք: Եվրոպացին ասում է՝ հարգելի հայեր, ձեր երկիրը կա՛մ ռուսներինը պիտի լինի, կա՛մ թուրքերինը, մենք հիմա կռվում ենք ռուսների դեմ ու ողջունում ենք ցանկացած հակառուսական քայլ: Իսկ եթե կմտնեք Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմ, ավելի լավ: Սա՛ է Եվրոպայի դիրքորոշումը: Էս մարդն ավանտյուրիստի պես ընկել է Եվրոպայի հետևից: Ստում են. Ադրբեջանը գազ չունի, Հայաստանն ուրիշ տեղից գազ չի կարող բերել: Իրանից գազ բերելու համար նոր գազամուղ է պետք: Սահակաշվիլուն ես ճանաչում եմ: Սուտասանի մեկն է, մի՛ հավատացեք նրա խոսքերին: Ադրբեջանը Վրաստանին 500 դոլարով է գազ տալիս, եթե անգամ մեզ գազ տա, նույն գնով է տալու: Վրաստանին հիմա ավելի շահավետ է, որ ռուսական գազ վերցնի, ինչը և անում է… Աշխարհը կիսվում է, և Հայաստանը պիտի կողմնորոշվի՝ սարի որ կողմում է: Մենք պետք է հասկանանք՝ ովքեր են շահագրգռված, որ Հայաստանը լինի: Ռուսաստանը շահագրգիռ է, որովհետև Հայաստանը չլինի՝ թուրքերը կմտնեն Ռուսաստան: Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանը միշտ ընտրելու է Հայաստանին, որովհետև եթե Ադրբեջանը Հայաստանը կուլ տա, լկտիաբար քշելու է Ռուսաստանի վրա: Ղարաբաղը մի՛ վերցրեք, ռուսները դեռ 2016թ. էին ասում՝ ճանաչեք Ղարաբաղի անկախությունը, ինչը մենք չարեցինք : Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ը օգնության չեկավ մեզ, բայց շատերը, ովքեր այդ օրերին այդտեղ եղել են, տեսել են, որ ռուսական զորքն այդտեղ էր, բայց առաջ չեկան, որովհետև չգիտեին՝ Հայաստանի սահմանը ո՞րն է, որովհետև Փաշինյանը սահմանագծման մասին էր խոսում: Դրա համար էին ՀԱՊԿ-ից ասում՝ Փաշինյան, ասա՝ որն է Հայաստանի սահմանը… Վարդենիսի գյուղերին ռուսներն օգնության հասան, որովհետև հաստատ գիտեին՝ էդ գյուղերը հայկական են: Ջերմուկում չարեցին, ինչո՞ւ… Հարցրե՛ք Գլխավոր շտաբի պետին, Նիկոլ Փաշինյանին՝ վերջը, ընկեր ջան, ադրբեջանցիք սովածացան, գնացի՞ն, թե՞ չէ:



