Եկեղեցին և պետությունը

«Տվե՛ք կայսրինը՝ կայսերը, և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. ԻԲ 21)։ Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը և որն իր ներքին, զորեղ միջոցներով զորավիգ էր լինում Օգոստոսի և Տիբերիոսի աշխարհակալ քաղաքականությանը։ Այս խմբավորման ներկայացուցիչները կոչվում էին հերովդեսականներ։ Այնուամենայնիվ հրեա ազգի մեծ մասը երազում էր իր անկախության, իր ավանդույթների ու օրենքների պահպանման մասին, և այս երազի ջատագովներն էլ փարիսեցիներն էին, որոնք ջանում էին ժողովրդի հոգում վառ պահել այդ նվիրական հուրը։ Ահա այս երկու հակընդդեմ ուժերն էին, որ, մոռացած իրենց նախկին ատելությունը և ժամանակավորապես իրար միացած, ներկայանում են Հիսուսին և ծայրաստիճան ճարտարամտությամբ մի այնպիսի հարց են ուղղում Նրան, որով կկարողանային այս կամ այն կերպ վտանգել Հիսուսի բարոյական կեցվածքը կա՛մ պետության, կա՛մ ժողովրդի հանդեպ։ Նրանք հարցնում են Հիսուսին. «Օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ» (Մտթ. ԻԲ 17), և, որպեսզի բացառեն Հիսուսի կողմից հնարավոր որևէ խուսափում, ինչպես հավելում է Մարկոս ավետարանիչը՝ ավելացնում են. «Տա՞նք, թե՞ չտանք» (Մրկ. ԺԲ 14)։ Տեսե՛ք, թե ինչ վտանգավոր կացության մեջ էր գտնվում Հիսուս։ Եթե Նա պարզապես պատասխաներ՝ «հարկը պետք է վճարեք», դա կնկատվեր իբրև ազգային անկախության ուրացում և վիրավորանք Իսրայելի հանդեպ։ Եթե պատասխաներ՝ «Մի՛ վճարեք», այդ ժամանակ էլ Իրեն պիտի ներկայացնեին իբրև մի հեղափոխական, ըմբոստ մեկի, և շատ դյուրությամբ Նրան պիտի տանեին Պիղատոսի մոտ՝ ամբաստանելով իբրև «կայսեր թշնամի»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով