Պատերազմ Պարսից ծոցում. ջո՞ւր, թե՞ նավթ, ո՞րն է այժմ ավելի կարևոր

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուն պես վերլուծաբաններն ավանդաբար կենտրոնանում են հումքային շուկաների կոնյունկտուրայի վրա՝ լինի դա ածխաջրածիններ, ալյումին, թե պարարտանյութեր։ Սակայն իսկական ռազմավարական ռեսուրսը, որը հարվածի տակ է հայտնվում, քաղցրահամ ջուրն է։ Քաղցրահամ ջրի պակասի խնդիրը մեր ժամանակների ամենասուր մարտահրավերներից մեկն է, սակայն դրա քննարկումը հազվադեպ է տեղավորվում ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում: ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այս տարվա փետրվարին սկսված գործողությունը հստակ ցույց տվեց, թե որքան կործանարար կարող է լինել ռազմական գործողությունների ազդեցությունը ջրային անվտանգության վրա: Վերջերս Fortune ամսագիրը նշել է ․ Իրանի հետ պատերազմում որոշիչ գործոնը ոչ թե նավթն է, այլ ջուրը։ Վաշինգտոնի սանձազերծած պատերազմը չափազանց բացասական ազդեցություն է ունենում ջրային ռեսուրսների դեֆիցիտի խնդրի վրա ՝ ինչպես ուղղակի ավերածությունների, այնպես էլ միջնորդավորված տնտեսակլիմայական մեխանիզմների ներգործության հետևանքով։ Խնդրի տարածաշրջանային ասպեկտն առավել ակնհայտ է։ Խոսքը կենսական նշանակության ենթակառուցվածքների անմիջական ոչնչացման մասին է։ Հակամարտության ամենաակնառու և տագնապալի դրսևորումներից մեկը դարձավ նպատակաուղղված հարձակումը ջրամատակարարման օբյեկտների վրա։ Այն պայմաններում, երբ Պարսից ծոցի երկրները հանդիսանում են աշխարհի ամենաջրասակավ պետությունները, նրանց կախվածությունն աղազերծման կայաններից վերածվում է ռազմավարական խոցելիության։ Տարածաշրջանն արտադրում է աշխարհի ողջ աղազերծված ջրի շուրջ 40 տոկոսը՝ ափամերձ գոտու երկայնքով շահագործելով ավելի քան 400 գործարան։ The Economist-ի բերած տվյալների համաձայն՝ Պարսից ծոցի չորային արաբական երկրներն ավելի ու ավելի շատ են հենվում աղազերծման վրա, ինչն ապահովում է Բահրեյնի, Քուվեյթի և Քաթարի խմելու ջրի 90 և ավելի տոկոսը, և գրեթե նույնքան՝ Օմանի համար։ Սաուդյան Արաբիայի համար այս ցուցանիշը կազմում է 70 տոկոս, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) համար՝ մոտավորապես 40 տոկոս։ Այս պայմաններում ջրային ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված ցանկացած լուրջ վնաս հավասարազոր է հումանիտար աղետի։ Պարսից ծոցի երկրները կախված են հազարավոր ջրամաքրման կայաններից, որոնցից ամենաարտադրողականները տեղակայված են ափամերձ գոտու երկայնքով։ Եվ հենց սա դրանք դարձնում է հեշտ հասանելի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով