Մոսկվայի կովկասյան Realpolitik-ը. Ինչո՞ւ է Կրեմլն «ընդառաջ գնում» Երևանին և Բաքվին՝ ճգնաժամի ֆոնին

Չնայած հայ-ռուսական հարաբերությունները հրապարակային դաշտում գտնվում են ամենալարված փուլում, Ռուսաստանը շարունակում է հայտարարել՝ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին նախօրեին հավաստիացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ինչպես և նախկինում, պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում, պատրաստել և տրամադրել ռուսական հարթակ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը՝ ելույթ ունենալով ՍՊՏՀ-ում (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով)։ Նա նշել է, որ «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։ «Զգալի պոտենցիալ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներն ու նրանց պատմական հարևաններին»,- հայտարարել է Գալուզինը։ Նա հստակեցրել է, որ «այս մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանի խնդիրների լուծմանը հենց այդ տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ուժերով՝ առանց դրսից կործանարար միջամտության»։ Նա նաև ասել էր, թե Ռուսաստանը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ադրբեջանի մերձեցմանը, ինչպես նաև կցանկանար տեսնել Բաքվի մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի աշխատանքներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով