ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 29/46 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին, և անդրադարձել նաև Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին տեղի ունեցած զորահանդեսին, այդտեղ ցուցադրված սպառազինությանը և Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ իրենց իշխանությանը, իրենց ստեղծած բանակին, գնած սպառազինությանը վերագրվող որակումներին:
«Լսե՞լ եք այդ նույն մարդու հայտարարությունը 2020 թվականին՝ մինչև պատերազմը, երբ ասում էր, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի: Եթե էդ զենքերը մետաղաջարդոն էին, էդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ու՞ժ էինք: Սա մեկ հանգամանք: Երկրորդ, զենքը ցուցադրելու համար չի, զենքը կռվելու համար է: Իսկ էդ մարդիկ, որոնք խոսում են, էդ զենքով քանի՞ մարտ են անցկացրել, զրո չէ՞: Եվ էն, ինչ իրենք ցույց են տվել, ձեզնից ով կարող է ասել՝ էդ նմուշներից քանի՞ հատ մենք ունենք: Չեք կարող ասել չէ՞: Կամ՝ էդ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից և հզոր՝ դա՞, թե՞ «Իսկանդերը»: Ակնհայտ է չէ՞, որ դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ-որ մի ցուցադրություն, որպեսզի արդարացնեն էն ահռելի թվերը, որ մենք տեսնում և լսում էինք՝ իբր գումարների տեսքով հատկացված Պաշտպանության նախարարությանը: Էդ ամեն ինչը կպարզվի, երբ որ իշխանափոխություն լինի, և երբ որ կարողանանք հետաքննել էդ ողջ պատմությունը»:



