Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։ Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ամփոփել է ընտրատեղամասերի միայն մեկ քառորդի (25%-ի) արդյունքները։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման, ԿԸՀ-ն փոխարինելու և նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի։ Առանց վերջնական արդյունքների՝ դատական համակարգին և պետական ատյաններին հրահանգավորելու և սպառնալու փոխարեն, գործող վարչախումբը դեռ պետք է իրավական պատասխան տա այս ընթացքում արձանագրված բոլոր ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կոպիտ կիրառման և քաղաքացիների կամարտահայտման վրա գործադրված բռնաճնշումների համար։ Ընտրությունների վերջնարդյունքների, մեր հետագա քայլերի և անելիքների մասին հանրությանը կտեղեկացնենք պաշտոնական և ամբողջական տվյալներն ամփոփելուց հետո։ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ 08 հունիսի, 2026թ.



