Հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից՝ իրականացնելով ընտրական գործընթացի շրջանակում ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող հարցերի մշտադիտարկում ու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ: Այդ նպատակով Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված դիմում-բողոքներին արագ արձագանքում, քննարկում, հասցեագրում իրավասու մարմիններին՝ ընտրողների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով: Օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ընտրողի ընտրելու իրավունքի իրացման ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացվել է 112 հեռախոսազանգ։ Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին, մի մասն էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում։ ՄԻՊ մանդատին վերաբերելի 65 խնդրահարույց իրավիճակ Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Բազմաթիվ քաղաքացիների ՄԻՊ աշխատակազմն աջակցել է՝ տրամադրելով խորհրդատվություն ընտրական իրավունքի իրացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 510 հրապարակում։ Պաշտպանի աշխատակազմում ստացված ահազանգերը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանն առնչվող խորհրդատվությունների հայցումները, հիմնականում, վերաբերել են ընտրողներին իրենց տեղամասային կենտրոնների մասին չծանուցելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովներ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողի ընտրելու իրավունքի իրացմանը, քվեարկության օրն ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ կապված խնդիրներին (դեսպանությունում գտնվելը, կորցրած լինելը և այլն), անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում ընտրելու իրավունքի իրացման հնարավորությանը, ընտրական տեղամասերում քվեարկության մատչելիության ապահովմանը, տեխնիկական սարքավորումների կիրառման ընթացքում առաջացած խնդիրներին, շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու հնարավորությանը, ազատությունից զրկված անձանց ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող այլ հանգամանքների։ Բոլոր հանգամանքներն ուսումնասիրվել են և բոլոր դեպքերով տրվել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ պարզաբանումներ են ստացվել իրավասու մարմիններից։ Քվեարկության օրվա ընթացքում արդյունավետ և կառուցողական աշխատանք է իրականացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ ոստիկանության, ԱՆ Քրեակատարողական ծառայության, ԱՆ Պրոբացիայի ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի և իրավասու այլ մարմինների գործընկերների հետ։ ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ արձանագրված բոլոր խնդիրները կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին: Մինչև քվեարկության օրը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, մշտադիտարկման այցեր են իրականացրել որպես մատչելի տեղամասային կենտրոններ հրապարակված՝ Երևանի և մարզերի մի շարք ընտրատեղամասեր՝ ուսումնասիրելու դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այցերին ներգրավվել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մատչելիությանը վերաբերելի միջազգային չափանիշների տեսանկյունից դիտարկված մի շարք ընտրատեղամասեր որոշ դեպքերում մասամբ են մատչելի եղել, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես մատչելի չեն եղել համշանդամություն ունեցող անձանց համար: Այսպես՝ տեղամասային կենտրոններում արձանագրվել են խնդիրներ՝ կապված թեքահարթակների լայնության և բարձրության անհամապատասխանության, երկկողմանի բազրիքների բացակայության, դռների շեմերի առկայության և այլ հարցերի հետ: Դիտարկված տեղամասային կենտրոններում սանհանգույցները հիմնականում մատչելի չեն եղել տեղաշարժման և տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար: Այս և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք այլ խնդիրների Պաշտպանը անդրադարձել է բազմիցս և առանցքային է համարում ոլորտում համակարգային լուծումների իրականացումը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվել է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման, պիտակավորող, ոչ զգայուն, խտրական և ատելության խոսքի տարածման վտանգավոր դաշտ, ինչն անթույլատրելի է։ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն



