Հայաստանն անցած տարի ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցել

Հայաստանի Հանրապետությունն անցած տարի 1 միլիարդ 975 միլիոն դրամ է հատկացրել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն անդամավճար է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի ու կոնվենցիաների։ «2025 թվականին, ըստ էության,փաստացի փոխանցում է կատարվել 101 կազմակերպության։ 2025 թվականին մենք չենք փոխանցել անդամավճար ՀԱՊԿ-ում մեր մասնակցության համար՝ պարզ պատճառով, որ մենք մասնակցություն չենք ունեցել այդ կազմակերպության գործունեությանը»,-մանրամասնել է Միրզոյանը։ Հայաստանը 2024 թվականի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։ Անդրադառնալով միջազգային համագործակցության հարթակներին՝ արտգործնախարարը մասնավորապես նշել է անցած տարի Հաագայում կնքված Վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին Հայաստանի միանալը, որի շնորհիվ Հայաստանը դարձել է մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամ պետությունը։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը նաև իր պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 2025-29 թվականների շրջափուլի համար։ Բացի այդ՝ Հայաստանը Առողջության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովում ընտրվել է հաջորդ հյուրընկալող երկիր։ Միջազգային համագործակցության անցած տարվա նորույթներից Միրզոյանն ընդգծեց նաև ԱՄՆ նախագահի նախաձեռնած կառույցի՝ Խաղաղության խորհրդի ձևավորմանը մասնակցելը։ «Սրանք նաև ցուցանիշներ են միջազգային բազմակողմ հարաբերություններում մեր ակտիվության և մեր հետաքրքրությունների ու մեր նկատմամբ հետաքրքրությունների աճի մասին»,-ասել է ԱԳ նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով