Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Իրանի «Խաթամ ​​ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ դադարեցնում է հարվածներն Իսրայելի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Իրանը միաժամանակ նախազգուշացրել է, որ եթե հարվածները շարունակվեն, այդ թվում՝ Լիբանանի հարավում, ապա Իրանն ավելի հուժկու պատասխան կտա, քան նախկինում: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ X-ում գրել է, որ երկիրը չի նահանջի ոչ մի սպառնալիքի առջև: Նրա խոսքով՝ Թեհրանը «չի լքել ո՛չ ռազմադաշտը, ո՛չ էլ բանակցային սեղանը»: Իր հերթին, իսրայելական 12-րդ ալիքը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելը դադարեցնում է Իրանի դեմ հարձակումները, սակայն Լիբանանի հարավի դեմ հարվածները կշարունակվեն, եթե «Հեզբոլլահ» շարժումը հարձակվի Իսրայելի վրա: Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։ Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով