Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ահռելի գումարներ են կուտակվել։ Բանկային համակարգին չեն հասնում, բայց նաև փոքր գումարներ չեն։ Պետական բյուջեին կիսով չափ են զիջում։ Խոսքը գրեթե 1.5 տրիլիոն դրամի մասին է, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է ավելի քան 4 մլրդ դոլարի։ Մեր տնտեսության չափանիշներով սա հսկայական գումար է։ Ցանկացած իշխանություն կերազեր այդքան ազատ միջոցներ տնօրինելու հնարավորություն ունենալու ու տնտեսական, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը ծառայեցնելու մասին։ Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա կառավարիչները. Կենսաթոշակային ֆոնդերը դարձրել են քսակ, որտեղից պարտքով փող են վերցնում բյուջեի համար։ Փոխարենը մտածեին այդ հնարավորությունը լուրջ տնտեսական ծրագրերի իրականացմանն ուղղելու մասին։ Ի դեմս կենսաթոշակային հիմնադրամների, ֆինանսական մեծ միջոցների հետ գործ ունենք, որոնք գրեթե չեն ծառայում տնտեսության զարգացումներին։ Այդ գումարները, եթե նույնիսկ տարբեր խողովակներով մտնում են տնտեսության մեջ, դրանց տնտեսական արդյունքը շատ ցածր է։ Գրեթե չկան անմիջական ներարկումներ տնտեսության մեջ։ Թե ինչո՞ւ է այդպես, պետք է հարցնել իշխանություններին, որոնք այդպես էլ չեն կարողանում նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացիների գրպանի ու պետական բյուջեի հաշվին ձևավորվող այդ հսկայական գումարներն արդյունավետ ծառայեն տնտեսությանը։



