Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞

Երուսաղեմի Ուղղափառ պատրիարք Թեոփիլ Երրորդը կարող է հանդես գալ որպես ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդ։ Այդ մասին, ըստ իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերականի ունեցած տեղեկություններին, նրան «խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»։ Պատրիարք Թեոփիլը հունիսի 5-ին այցելել է ԱՄՆ։ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը տևել է «շուրջ քառասուն րոպե»։ Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», հղում անելով Երուսաղեմի Ուղղափառ պատրիարքարանի պաշտոնական կայքին, տեղեկացրել է, որ Թեոփիլ Երրորդը ԱՄՆ նախագահի հետ հանդիպել է, որպեսզի քննարկի «Սուրբ երկրում և Մերձավոր Արևելքում քրիստոնեական իրական ներկայության հետ կապված հարցեր»։ Ռուսաստանյան պարբերականը կարևորել է, որ Թեոփիլ պատրիարքը Ռուսաստանի նախագահի հետ «վաղեմի ծանոթ» է։ Ըստ այդմ, Վլադիմիր Պուտինը Թեոփիլ Երրորդին 2013 թ․ -ին ընդունել է Սոչիում, 2019-ին՝ Կրեմլում, իսկ 2020թ․ նրանք Իսրայելի վարչապետ Նաթանյահուի մասնակցությամբ հանդիպել են Երուսաղեմում։ Ե՞րբ է ծրագրված Թեոփիլ Երրորդի Մոսկվա այցը, այդ մասին առայժմ որևէ տեղեկություն հայտնի չէ։ Խնդիրը բարդ է նրանով, որ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուս ուղղափառ եկեղեցին Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ կապերը խզել է, իսկ վերջինս ճանաչել է Ուկրաինայի եկեղեցու ինքնությունը։ Երուսաղեմի Ուղղափատ պատրիարքը, ճիշտ է, գործում է ինքնուրույն, բայց ճանաչում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հեղինակությունը։ Այդ առումով Թեոփիլ Երրորդը նույնպես ճանաչում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ինքնությունը։ Իսկ դա հակասում է Ռուս ուղղափառ եկեղեցու սկզբունքին, որով Ուկրաինան նրա կանոնական տարածքն է։ Կկայանա՞ Թեոփիլ պատրիարքի Մոսկվա այցը, թե՞ ոչ, այլ հարց է։ Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահի հետ նրա հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու, կարծես թե, վերջնական որոշում է կայացրել։ Այդ որոշումը Իսրայելում լուրջ դժգոհություն է հարուցել։ Խնդիրը, որքանով հասկացվում է, ավելի խորքային է և շոշափում է նաև Երուսաղեմի կարգավիճակը։ Սուրբ երկրում և առհասարակ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության խնդիրը կարևոր է նաև Հայաստանի համար։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը Սուրբ երկրում քրիստոնեական ներկայության ինստիտուտներից մեկն է։ Որքանո՞վ է այն ծառայում Հայաստանի պետական շահերին։ Իսրայելի արտաքին գործերի գործերի նախարար Գեդեոն Սաարը խորհրդարանական ընտրությունների առթիվ շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մերձավորարևելյան բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով