Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի գործադիր տնօրեն Կոնստանտինոս Խաձիկոնստանդինուի հետ։ Հանդիպման ընթացքում նավահանգստի գործադիր տնօրենը ներկայացրել է Ալեքսանդրուպոլիի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ որպես Հունաստանը, Բուլղարիան և Թուրքիան կապող կարևոր տրանսպորտային ու լոգիստիկ հանգույց։ Անդրադարձ է կատարվել նավահանգստի երկաթուղային ենթակառուցվածքներին, տարածաշրջանային բեռնափոխադրումների ապահովման գործում նրա դերին, ինչպես նաև Սևծովյան և միջերկրածովյան ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա բաղկացուցիչ մաս կազմող «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և տնտեսական փոխկապակցվածության ընդլայնման հեռանկարները։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ արտահանմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի հնարավոր դերակատարությանը՝ որպես Հայաստանից Եվրոպա արտահանվող բեռների տարանցման և բաշխման հանգույց։ Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դանգազյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով