Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի բնակչությունն իսրայելական բանակից նոր նախազգուշացում է ստացել նախապատրաստվող ավիահարվածների մասին, որոնց նպատակը շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտների ոչնչացումն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ռազմական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին X հարթակում արաբերենով տարածված հայտարարության մեջ պահանջել է արագացնել մարդկանց տարհանումն այն շրջաններից, որոնց ուղղությամբ մոտ ժամանակներս ավիահարվածներ են հասցվելու: Դրա հետ մեկտեղ Էդրին հիշատակել է Տյուրոսի հին քրիստոնեական թաղամասը, որտեղ, նրա խոսքով, հաստատվել են «Հեզբոլլահ»-ի գրոհայինները։ «Իսրայելի պաշտպանության բանակը ստիպված է մոտ ժամանակներս միջոցներ ձեռնարկել այս թաղամասում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական գործունեության դեմ: Գրոհայինների կողմից օգտագործվող ցանկացած շենք կարող է դառնալ հարձակման թիրախ»,- նշել է նա: Էդրին բնակիչներին հորդորել է անհապաղ տարհանվել և շարժվել դեպի Զահրանի գետի հյուսիսային ափ։ «Զգուշացե՛ք. ցանկացած տեղաշարժ Զահրանիից դեպի հարավ կարող է վտանգ ներկայացնել ձեր կյանքի համար»,- նախազգուշացրել է նա։ Բացի Տյուրոսից, որտեղ ապրում է ավելի քան 130 հազար մարդ, ավիահարվածներ կհասցվեն նաև դրա արվարձաններին և պաղեստինցի փախստականների Բուրջ էշ-Շիմալի, Ռաշիդիա ու Էլ-Բաս ճամբարներին:



