«Թուրքիան մեր բնական գործընկերն է». Սիրիայի էկոնոմիկայի նախարար

Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Մուհամեդ Նիդալ էշ-Շաարը հայտարարել է, որ Թուրքիային դիտարկում են որպես բնական գործընկեր և մի երկիր, որի հետ ունեն ճակատագրի ընդհանրություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նրա խոսքով՝ երկու պետությունները պետք է դառնան արտադրության համատեղ աղբյուր: Թուրքական պետական «Anadolu» (AA) լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի նախարարն այս մասին խոսել է Գազիանթեփում (Այնթապ) մեկնարկած «Քաղաքային տնտեսությունների գագաթնաժողով. Գազիանթեփ-Հալեպ» համաժողովի շրջանակներում։ «Թուրքիան մեր բնական գործընկերն է» խորագրով նիստի ժամանակ Շաարը շեշտել է, որ Սիրիան ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ կայուն, ներդաշնակ և ուժեղ տնտեսական հարաբերություններ հաստատելու համար։ Միջոցառմանը ներկա Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն իր հերթին անդրադարձել է սահմանային անցակետերի խնդրին՝ նշելով. «Սիրիացի գործընկերներին հայտնել ենք, որ պատրաստ ենք բացել Նուսայբինի (Մծբին) և Քամըշլըի միջև գտնվող մեր մաքսային անցակետը»։ Բացի այդ, վերջինս հայտարարել է, որ նպատակ ունեն մինչև 2030-ի սկզբները երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով