Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերը գնալով ահագնանում են։ Տարածաշրջանում պահպանվող լարվածությունը՝ մի կողմից, մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների սրացումը, խնդիրներ է ստեղծել տնտեսության հատկապես արտահանելի հատվածի համար, որն առավել ևս՝ մտահոգիչ է։ Արտաքին հատվածից բխող մարտահրավերներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության վրա։ Տնտեսական ակտիվության տեմպերը գնալով թուլանում են, ինչը նկատելի էր նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների սրացումից առաջ։ Տարեսկզբի 7.6 տոկոսից, 4 ամիսների արդյունքներով, տնտեսական ակտիվության աճն իջել է 6.9 տոկոսի։ Չնայած նրա, որ այս թուլացումից հետո էլ տնտեսական ակտիվությունն արտաքուստ դեռ մնում է բավականաչափ բարձր, այնուհանդերձ, առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը ցույց տվեց, որ դա հիմնականում «օդ» է։ Պաշտոնական տվյալներով, արձանագրված 7.1 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմեց ընդամենը 4 տոկոս։ Այդ ժամանակահատվածի կտրվածքով, վերջին 5 տարիներին երբևէ նման ցածր ցուցանիշ չէր արձանագրվել։



