«Այսուհետեւ ոչ զոք գիտեմք մարմնով. զի թ եպետեւ գիտեաք մարմնով (ը)զՔրիստոս, այլ արդ ոչ եւս նոյն պէս գիտեմք»: (Բ Կոր. 5:16) Թերևս այս խոսքերը զարմացնեն ձեզ, ինչպես ինձ էլ էին զարմացնում, մինչև որ դրանց բուն իմաստը ըմբռնեցի: Քանի որ նախապես այնպես է թվում, որ առաքյալի այս խոսքը մի հոգեպաշտական արտահայտություն է, չասեմ հերետիկոսական վարդապետություն ծնող մի խոսք: Եթե իրոք առաքյալը չի ցանկանում Քրիստոսին ճանաչել ըստ մարմնի, սա Գնոստիկների և Մանիքեականների նման Փրկչի մարդկությունը, մարդեղությունը, ուրանալ է նշանակում, նշանակում է ուրանալ Նրա մարմնական իրականությունը, Նրա չարչարանքները, վերջապես Փրկչի կյանքի այն բոլոր պարագաները, որ մեզ գրավում, մեր սրտերը շարժում և մխիթարում են: Առաջին հայացքից այնպես է թվում, թե այն կյանքը, որ Հիսուսը երկրի վրա ապրեց՝ երևակայական մի կյանք էր: Ես ինձ ասում էի, որ Պողոս Առաքյալի այս խոսքերը այլ բան չեն, եթե ոչ՝ Քրիստոսին միայն փառքի մեջ տեսնելը, Իր ամբողջ կատարելության, երկնային մեծության մեջ, որ մեզ ավելի շլացնում քան գրավում է: Սակայն, ի վերջո, Լույսը իր ներգործությունը կատարեց՝ հասկացա, որ Պողոս Առաքյալը երբեք չի ցանկացել ուրանալ Փրկչի մարդկային բնությունը, և այս բնաբանիս խոսքերը, որոնք ինձ ժամանակին տարակուսանքի մեջ էին թողել, այժմ դրանց միտքը հասկանալով՝ մխիթարվում եմ:



