Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Սիմոնյանին պատկանող թանի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը, – պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղի որոշակի հատվածներից եղել է մասնիկների թափվելու վտանգ, – սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, – արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, – սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, – սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:



