Ծիրանի բերքահավաքը մոտենում է, սակայն գործադիրից դեռ չեն հստակեցնում՝ հայկական ծիրանին ինչ ճակատագիր է սպասվում, և, օրինակ, նախատեսվո՞ւմ է արդյոք նաև ծիրանն ընդգրկել արտոնությունների փաթեթի մեջ՝ դիտարկելով ԵՄ իրացվելիության հեռանկարը։ Մի քանի օր է՝ ՔՊ-ականներն ու նրանց մերձ շրջանակներն «ավետում են»՝ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար կմեկնի Լեհաստան։ Ու թեև դեռ հստակ չէ, թե ո՞ր ընկերությունն է իրականացնելու արտահանումը և ի՞նչ պայմաններով, բայց գյուղատնտես Հարություն Մնացականյանի համար արդեն հստակ է, որ 20 բեռնատար ծիրանը հարցի լուծում չէ։ «Անցած տարի շուրջ 50.000 տոննա ծիրանը արտահանվեց։ Իսկ այդ 20 բեռնատարը, եթե հաշվեք 20 տոննայով, կստացվի՝ 400 տոննա․ 400 տոննան 50.000 տոննայի մեջ անում է 1 տոկոսից մի քիչ պակաս»,- 168 ․ am -ի հետ զրույցում մանրամասնեց Հարություն Մնացականյանը։ Խոսելով սուբսիդավորման հնարավորության մասին՝ ինչպես կառավարությունը արեց պղպեղի, լոլիկի, ելակի ու ծաղիկի դեպքում (թեև ինչպես, օրինակ, ծաղիկ արտադրողներն էին նշում, դա ևս լուծում չէ), ֆերմերն ուշադրություն հրավիրեց եվրոպական ստանդարտների վրա։



