«Ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններում եղավ այն, ինչ եղավ» հարցն այսօր մոդայիկ չէ, քանի որ նախընտրական շրջանում բոլոր հարցերի պատասխաններն իմացողները հիմա զբաղված են «վերցնե՞լ պատգամավորական մանդատները, թե՞ չվերցնել» հարցն առաջադրելով ու դրա շուրջ մտավարժանքներով: Մինչև որոշողները կորոշեն, պատասխաններն էլ կհիմնավորվեն: Ինչպես վերցնելունը, այնպես էլ՝ չվերցնելունը: Պատվերի հարց է, ինչպես ասում են: Այդուհանդերձ, տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը հասկանալը կարևոր է գոնե նրանց համար, ովքեր ընտրական օրվա շոկը հաղթահարելուց հետո, ոչ թե մեղավորներ են փորձում գտնել, այլ բացատրություններ: Դրանք, բնականաբար, շատ են, բազմաշերտ ու բազմագործոն: Բայց հասկացություններից գլխավորները, թերևս, համախմբումն ու հաշտությունն են՝ չկայացած համախմբումը՝ որպես պատճառ, և կայացած մեկ այլ հաշտություն՝ որպես հետևանք: Ընդ որում, ժամանակագրական առումով դա այսօրվա հարց չէ, այլ ձգվում է առնվազն մինչև 2018 թվական: Այդ ժամանակ հասարակությունը կուրորեն համախմբվեց «Սերժին մերժելու» նպատակի շուրջ, ինչի արդյունքում Ադրբեջանն ընդունեց երեքհազարամյա Արցախը, Հայաստանից մնացած հատվածը՝ բռնի տեղահանված արցախահայերին: Բացասական, ոչ թե ուղղակի բացասական, այլ ողբերգական հետևանքների հանգեցրած այդ համախմբմանը հաջորդեց հասարակության պառակտումը, որը վերջին շրջանում հասցվեց ընդհուպ ներազգային թշնամանքի՝ ի դեմս արցախահայերի նկատմամբ գեներացվող ատելության: Ահա այս գերպառակտվածությունը հանգեցրեց ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, որը տեղի ունեցավ իրենց իսկ կողմից համախմբման դրական կամ բացասական ուղղությամբ կառավարման շնորհիվ:



