«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»

Պետական դումայի կոմունիստ պատգամավոր Վյաչեսլավ Մարխաևը թելեգրամ ալիքում գրել է, որ Ռուսաստանը «գտնվում է սոցիալական պայթյունի շեմին»։ Այդ մասին հայտնել է Կիևում լույս տեսնող «Նոր եվրոպական թերթի» ֆեյսբուքյան էջը։ Նրա գնահատմամբ, պատճառը կոմունալ ծառայությունների դիմաց գնաճն է, կոռուպցիան, վերնախավերի հարստացումը և «հատուկ ռազմական գործողությունը ավարտելու հրապարակային ծրագրի բացակայությունը»։ «Ռուսաստանը նվաճելու դեպքում ի՞նչ կաներ արտաքին թշնամին»,- հռետորական հարցադրում է արել Մարխաևը, և ինքն էլ պատասխանել․ «Կյուրացներ ռեսուրսները, կկողոպտեր արդյունաբերությունը, կբարձրացներ սակագները, իր համար դղյակներ կկառուցեր։ Բայց արտաքին ներխուժում տեղի չի ունեցել, այդ ամենը ցանկացած թշնամուց լավ ինքն է արել։ Երեսունհինգ տարում ոչ մի հաջող բարեփոխում չի իրականացվել, փոխարենը օլիգարխները բազմանում և հարստանում են, և դա՝ «հատուկ ռազմական գործողության» հինգերորդ տարում»,- գրել է պետդումայի կոմունիստ պատգամավորը։ Մարխաևը սուր քննադատության է ենթարկել Պետերբուրգում տնտեսական համաժողովի անցկացումը, որ կազմակերպվել է «քաղաքի դեմ ուկրաինական հարվածների ֆոնին։ Նրա խոսքերով, նման «միջոցառումները ստեղծում են բարեկեցության պատրանք, մինչդեռ պետական շատ ծրագրեր մնում են թղթի վրա»։ Նա հայտարարել է, որ Պուտինի պաշտոնավարման քսանհինգ տարիներին կոմունալ ծառայությունների «վճարումները 366 տոկոսով աճել են»։ Կոմունիստ պատգամավորը Կրեմլին կոչ է արել «ուշքի գալ, կանգնեցնել կոմունալ ծառայությունների սակագների աճը, ապահովել պաշտոնյաների պատասխանատվությունը, ինչպես նաև ներկայացնել «հատուկ ռազմական գործողությունը» ավարտելու հրապարակային հստակ ծրագիր»։ Հակառակ դեպքում, ըստ Մարխաևի «երկրում կարող է սոցիալական պայթյուն տեղի ունենալ», ինչի համար պատասխանատվություն կկրի «անփոփոխելի իշխանությունը»։ Ռուսաստանը փաստացի մտել է նախընտրական փուլ, սեպտեմբերին պետք է անցկացվեն պետդումայի ընտրություններ։ Ըստ երևույթին, կոմունիստները իրենց վրա են վերցրել սոցիալ-տնտեսական քարոզչությունը, որպեսզի իրենց իսկ կանխատեսած «սոցիալական պայթյունը» տեղի չունենա։ Որոշ տեղեկություններով, Կրեմլում որոշել են «ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորել», որի առաջնահերթությունները, կարծես, նախօրեին հնչեցրել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Մեդվեդևը։ Դումայի ընտրությունների քարոզչությունը, հավանաբար, իշխանությունների կողմից «կքվոտավորվի»։ Խնդիր է, թե կոմունիստներին որքանո՞վ կհաջողվի կառավարել սոցիալական դժգոհությունը։ Կարելի է ենթադրել, որ հաջողության դեպքում կոմունիստները «կոալիցիոն կառավարության մաս կկազմեն»։ Ուկրաինայի հարցում նրանք Վլադիմիր Պուտինի մոտեցումները լիովին կիսում են։ Իսկ ընդհանուր առմամբ դա հանգում է նրան, որ «Ուկրաինան չի կարող ուկրաինացված լինել»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով