Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին «Նորդիկ օրեր-2026» ծրագրի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և առաջնահերթություններին։ Այս մասին հայտնում են պաշտպանի աշխատակազմից։ Պաշտպանն ընդգծել է, որ կանանց և աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին շարունակում են խոչընդոտ մնալ հանրային ընկալումներում պահպանվող կարծրատիպերը՝ կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ։ Անահիտ Մանասյանը նաև ուշադրություն է հրավիրել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում վաղ ամուսնությունների խնդրին՝ նշելով, որ այն բացասաբար է անդրադառնում աղջիկների կրթության, զարգացման և այլ իրավունքների իրացման հնարավորությունների վրա։ Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության դերը՝ ընդգծելով, որ Հայաստանում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում, մարդու իրավունքների կրթությունը դեռևս չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին, ինչը պահանջում է շարունակական բարեփոխումներ։ Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը։ Քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ «Նորդիկ օրեր 2026»-ը Երևանում իրականացվում է Նորդիկ նախարարների խորհրդի (Nordic Council of Ministers) աջակցությամբ, Նորդիկ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և գործընկեր կառույցների համագործակցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5756

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով