Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»

Հունիսի 15-17-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ, կողմերի կքննարկեն «Մերձավոր Արևելքի լարված իրավիճակը» և Հարավային Կովկասում համագործակցության հեռանկարները։ Ռուսաստանի ԱԳՆ-ն, մասնավորապես, վերստին ընդգծել է 3+3՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա-Իրան, ձևաչափի կարեւորությունը։ Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը առաջին անգամ այցելել է Հայաստան։ Նրա և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը կայացել է Դիլիջանում։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում։ Պաշտոնապես հաղորդվել է, որ օրակարգում է կողմերի հասարակությունների միջև վստահության հաստատման խնդիրը։ Հիքմեթ Հաջիևը Հայաստան է այցելել խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ հետո՝ ԿԸՀ կողմից քվեարկության վերջնական արդյունքների հրապարակման օրը։ Դա, անկասկած, խորհրդանշական և վկայում է, որ Ադրբեջանը գոնե հրապարակային քաղաքականության տիրույթում խաղաղության և հարաբերությունների հաստատման օրակարգին հավատարիմ է մնում։ Ադրբեջանի նախագահի օգնականի Հայաստան այցը նախորդել է ռուս-թուրքական բանակցություններին։ Կարելի է ենթադրել, որ Բաքվի այդ քայլը Անկարայի հետ համաձայնեցված է։ Ճիշտ է, քառասունչորսօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում 3+3 ձևաչափով համագործակցության առաջարկը Թուրքիան է արել, բայց հետագա իրադարձությունները հանգեցրել են նրան, որ տարածաշրջանում իր ներկայության համար Անկարան, այսպես ասած՝ Մոսկվայի «համաձայնության կարիքը չունի»։ Հիքմեթ Հաջիևի Հայաստան այցի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների առթիվ ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն խիստ ուշագրավ տեսակետ է հայտնել։ Ըստ նրա, քանի որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը «բարդ» է, կողմերի միջև «խաղաղության պայմանագրի ստորագրման ուղիների մանրամասների քննարկման կարիք կա»։ Շահինօղլուն ամփոփել է, որ ԱՄՆ նախագահը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման «նախանձախնդիր է և պատրաստվում է առաջիկա շաբաթներին Վաշինգտոնում ընդունել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին»։ Որքանո՞վ է հավաստի ադրբեջանցի փորձագետի այս տեղեկությունը, պարզ կդառնա, հավանաբար, առաջիկայում։ Կարևոր է, որ ադրբեջանական կողմը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման «ուղիների մանրամասներ քննարկելու» անհրաժեշտություն է տեսնում։ Հաքան Ֆիդանը, ըստ երևույթին, Սերգեյ Լավրովին դիվանագիտորեն կներկայացնի, որ Հարավային Կովկասի համագործակցության 3+3 ձևաչափը «արդեն ակտուալ» չէ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6455

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով